Այսօրվանից Սերբիայում մեկնարկում է Եվրոպայի մինչև տասնինը տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի իններորդ խմբի մրցաշարը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցներն են Իտալիայի, տանտերերի, Սան Մարինոյի հավաքականները: Մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեր տղաներն այսօր կմրցեն իտալացիների, իսկ 12-ին և 15-ին ուժերը կչափեն Սերբիայի ու Սան Մարինոյի ընտրանիների հետ:
Բոլոր հանդիպումների մեկնարկը ժամը 16.30-ին է:
Տեղեկացնենք, որ հայաստանյան ընտրանին կազմված է բացառապես երկրի ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից: Նրանք ներկայացնում են «Բանանց», «Փյունիկ», «Միկա» ակումբները: Հուսանք, որ մրցակցությունը մեր ֆուտբոլիստների համար չի լինի պարզապես տուրիստական ուղևորություն:
Մինչ տասնինը տարեկանների հավաքականն ակտիվ մրցակցային ռեժիմում է, տասնյոթ տարեկանների ընտրանին նույն առաջնության երրորդ խմբի մրցաշարից առաջ ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է մարզական հավաք: Տարիքային այս խմբի փորձությունները սկսվում են հոկտեմբերի 15-ից: Մոլդովայում մեր տղաների մրցակիցներն են լինելու տանտերերի, Իսլանդիայի ու Իտալիայի ընտրանիները: Տարիքային այս խմբի հավաքականը նույնպես կազմավորված է «Բանանց», «Փյունիկ», «Միկա» ակումբների ներկայացուցիչներից: Միակ բացառությունը գերմանական «Հոֆենհայմ» ակումբը ներկայացնող կիսապաշտպան Հայկ Գալստյանն է: Հավաքականը մրցաշարին պատրաստվում է մարզիչ Արամ Դանիելյանի ղեկավարությամբ:
Ինչ վերաբերում է ազգայինին, այն խաղադաշտ դուրս կգա վաղը: Խաղի մեկնարկը կտրվի երեկոյան ութին, հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ: Մրցակիցը Սերբիայի ընտրանին է: Ընթերցողն ավելի քան տեղյակ է մեր հավաքականի կազմավորման բարդությանը, քաջածանոթ է առաջատար ֆուտբոլիստների վնասվածքներին: Թե նման պայմաններում ի՞նչ որակի խաղ ենք ցույց տալու, կարելի է մոտավորապես գուշակել, թեպետ հույսը վերջինն է մեռնում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ